ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Քեսաբում տեղի ունեցած ողբերգությունից և պահանջել ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ:
«Հարգելի գործընկերներ, այն, ինչ տեղի ունեցավ առավելապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքում, մարդկային հերթական ողբերգությունն է: Անհերքելի են փաստերը, որ Քեսաբի վրա կատարված ահաբեկչական հարձակումն իրականացվել է Թուրքիայի տարածքը հատած ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից: Այդ բարբարոսական գործողությունների արդյունքում Քեսաբի հայ բնակչությունը տեղահանվել է: Ահաբեկիչները պղծել են հայկական եկեղեցիները, ավերել ու թալանել են հայերի տները: Հերթական ցեղասպանությունից փրկվելու համար Քեսաբը հայաթափվել է: Կան նկարահանված կադրեր, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները Թուրքիայի սահմանից անարգել անցնում Սիրիա, դեպի Քեսաբի տարածք, և նույն այդ ահաբեկիչների շարքերում կան թուրքական բանակի զինվորներ: ՈՒստի թուրք պաշտոնյաների, իբր, անտեղյակ հայտարարությունները թուրքիզմի հերթական դրսևորումն են, ոչ ավելին: Եվ պատահական չէր թուրքական հետազոտական կենտրոններից մեկի ղեկավարի հայտարարությունը, թե Սիրիայում ունենալ հայ համայնք, նշանակում է Հայաստանի ձեռքը միշտ երկար պահել Թուրքիայի և Մերձավոր Արևելքի վրա:
Հարգելի գործընկերներ, քաղաքացիական բնակչության դեմ ուժի ցանկացած կիրառում՝ անկախ նրանց էթնիկ, կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի և մեր Վեհաժողովը պարտավոր է արձագանքել Քեսաբում տեղի ունեցածին ու հստակ պարզաբանումներ պահանջեր թուրքական իշխանություններից: Մեկ տարի անց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի: Եւ խիստ հրատապ է, որ մեր Վեհաժողովը անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկի Քեսաբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և օր առաջ լուծումներ գտնելու համար»: